Հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը և Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները նիստի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցեր։
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը»,- նշված է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը