Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), և այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:
Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ են տրվում:
Այնպես որ ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը