01 07 2021

Արցախի նախագահը Վարագ Սիսեռյանին պարգևատրել է «Արիության համար» մեդալով

Արցախի նախագահը Վարագ Սիսեռյանին պարգևատրել է «Արիության համար» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին պարգևատրելով «Արիության համար» մեդալով։

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ որոշում եմ․

1․ 2020 թվական սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ակտիվ մասնակցություն ունենալու համար Սերժ Վարագ Սիսեռյանին պարգևատրել «Արիության համար» մեդալով»,-նշված է Արայիկ Հարությունյանի հրամանագրում։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մասնակից Վարագ Սիսեռյանը վերջիններից է եղել, որ դուրս է եկել Շուշիից՝ մնալով շրջափակման մեջ։

Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին՝ եռակողմ հայտարարությունից 1 շաբաթ անց։ Հրաժարականի տեքստում Վարագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել և դադարեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ առաջնագծի զինվորներին սպասում է Երևանում՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Հավելենք նաև, որ Վարագ Սիսեռյանը հրաժարվում է հրապարակային մեկնաբանել պատերազմի ընթացքն ու Շուշիի անկման մասով իր կարծիքը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ