Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:
Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը