03 05 2021

Քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ

Քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Նիստին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ:

 

Նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները:

 

Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ