ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ` բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար, հայտնում են ԱԱԾ-ից:
«Քաղաքացի Ռ.Կ-ն երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձևակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:
Կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021 թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ տարածքային ստորաբաժանում:
Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերվելու է առավել անհանդուրժողական մոտեցում», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը