Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհայտ կորածների և զոհվածների աճյունների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին:
Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն վերաբերող խնդիրներ, մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական հուշարձանների և սրբավայրերի նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքի առնչությամբ։
Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև խոսել ազգային կարևորագույն խնդիրների ու մարտահրավերների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը