13 03 2021

Բովանդակային քննարկման, լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը միայն արձագանքել է երկրորդական հարցի․ ՄԻՊ

Բովանդակային քննարկման, լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը միայն արձագանքել է երկրորդական հարցի․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է պաշտպանի՝ Կառավարության նիստերին չմասնակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությանը, ինչպես նաև ՄԻՊ–ի գործունեության հետ կապված այլ հարցերի։ ՄԻՊ աշխատակազմի արձագանքը՝ ստորև․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր:

Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:

Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:

Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:

Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:

Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:

Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:

Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:

Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ:

Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:

Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ