ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկության վերաբերյալ։
«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:
Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա», - ասված է նախագահի հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը