10 03 2021

Նախագահը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում է հանդիպման

Նախագահը վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում է հանդիպման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար:
 
«Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:
 
Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:
 
Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը և կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
 
Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:
 
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
 
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը:
 
Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ», - նշված է նախագահի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ