24 02 2021

Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ

Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը:

 

Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:

Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:

 

Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:

Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ