Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 243-Ա որոշմամբ 2021 թվականի փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարները նվազեցնել 603 մլն 394.2 հազար դրամով: Երևանի 2020 թվականի բյուջեի եկամուտները 107 մլրդ 146 մլն 776 հազ. դրամ էին, ծախսերը՝ 116 մլրդ 259 մլն 587.5 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 9 մլրդ112 մլն 811.5 հազ. դրամ։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քննարկմանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել քաղաքի 2021թ. բյուջեի հավելվածներում։
Երևանի ավագանու արտահերթ նիստի երրորդ հարցը վերաբերում է «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխությունների և լրացումների նախագծին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը