31 12 2020

Այս էջը պետք է փակել․ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը․

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտվում է 2020 թվականը:

Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ:

Ծանր՝ իր կորուստներով,
Ծանր՝ իր հետևանքներով,
Ծանր՝ իր դասերով:

Մենք անցանք դաժան փորձությունների միջով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝

մեր ժողովուրդը չի՛ պարտվել,
զինվորը չի՛ պարտվել,
քաղաքացին չի՛ պարտվել,
հայը չի՛ պարտվել:

Պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զավակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսություն, խիզախություն և տոկունություն:

Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են:

Այս էջը պետք է փակել։

Կրկին խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առջև:

Ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Նրանք մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կարիքն ունեն:

Երախտիքս եմ հայտնում զինվորների թիկունքն ամուր պահած մեր բոլոր հայրենակիցներին:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են անել ամեն ինչ՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու, բոլոր գերիներին ու պատանդներին արագ տուն վերադարձնելու ուղղությամբ:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են ապահովել երկրի սահմանների և հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչների պաշտպանվածությունն ու անվտանգությունը։

Մեր հետագա ճանապարհը շատ բարդ է ու փորձություններով լի: Մենք անչափ խոր վերքեր ունենք։

Բայց ունենք նաև ապաքինվելու, ոտքի կանգնելու, հաղթելու փորձ ու կամք:

Միասնականությունն այլընտրանք չունի:

Մեր զոհված հերոսների հիշատակը պարտավորեցնում է համայն հայությանը՝ համախմբվել հայրենիքի շուրջ և համախմբել մեր ուժերը:

Ներկա իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ հստակ տեսլական, ռազմավարություն և իրատեսական ծրագիր:

Ցանկացած խոսք, խոստում կամ կոչ իզուր է, եթե յուրաքանչյուրս մեր տեղում չենք, չենք գործում մեր ողջ պատասխանատվությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր:

Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:

Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։

Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք:

Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։

Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում։

Այսօր անհրաժեշտ է՝

մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը

փոխել մտածելակերպը,

նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,

վերարժևորել մեզ և մեր ունեցածը,

վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,
բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:

Եվ այս ամենը՝

հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,

հանուն Արցախի,

հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:

Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ:

Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն:

Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ:

Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:

Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին:

Աստված պահապան բոլորիս:

Շնորհավոր Ամանոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ