31 10 2020

Մեր ԶՈւ-ն հարավային ուղղությամբ ունի առաջխաղացում, Ադրբեջանի ԶՈւ-ն՝ կենտրոնական ուղղությամբ․ ՊՆ



Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում, առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ: Այս մասին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ:

Դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ:

Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց․ «Կուզենայի առաջին հերթին ֆիքսել մի բան, որ ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ հարցադրումներ և առաջարկներ մեր ԶՈՒ-ն սեղմ ժամկետում մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:

Մի ամիս և մի քանի օր արդեն շարունակվում է պատերազմը, կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը, և սա շատ կարևոր է ֆիքսել:

Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, ուսումնասիրվում են  ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք: Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի նորից փաստել, որ նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընրովի շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ