Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:
Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը