Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը.
«Սիրելի զավակներ Մեր,
Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ:
Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։
Պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազում փորձություններ է դիմագրավել, երբեք չի ընկրկել դժվարությունների առջև և միշտ դրսևորել է հաղթանակներ կերտելու անպարտելի ոգի ու զորություն։ Մեր հայրերը համբերել են նեղությունների, արիությամբ հեռու են վանել վախն ու հուսահատությունը, մահվանը հաղթել Քրիստոսի Հարության շնորհով ու հավատով և կերտել փառապանծ հաղթանակները հայրենի մեր երկրի։ Ճշմարիտ է ասված. «Քաջերի սերունդները քաջերն են»։ Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավառ օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը մեր ժողովրդին և հայրենիքին։ Նույն քաջությունն ու հերոսությունը դրսևորում են նաև հայոց բանակին խիզախ մարտիկներ պարգևած սիրասուն ծնողները: Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին։
Այսօր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, ժխտական կեցվածքը մարդասիրական հրադադարի հանդեպ, վերջնագրային դիրքորոշմամբ բանակցությունների խափանումը, Արցախի բնակավայրերի ու բնակչության հրետակոծումը և պատճառած բազմաթիվ ավերներն ու մարդկային կորուստները, Արցախի հարցը ռազմական ուղիով վճռելու նկրտումները, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմությունը բավարար են փաստելու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները։ Խաղաղության ու ազատության ձգտումներում մեզ աջակից է Աստված, ով մեր հոգու և հավատքի զորությամբ, ինչպես առաքյալն է ասում, Քրիստոս Հիսուսով հաղթություն պիտի պարգևի (հմմտ. Բ Կորնթ. 2.14):
Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր։ Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանց փառապանծ ոգուն և անմահ սխրանքին։ Հայրական Մեր պատգամն ենք ուղղում նաև հոգևոր սպասավորներին, հայոց բանակի գնդերեցներին՝ քաջալերելու և ոգեշնչելու ազգիս զավակներին հայրենյաց պաշտպանության պայքարում, հավատքով զորացնելու մեր ժողովրդին և աղոթք ու ջանք բերելու մեր ընդհանուր հաղթանակին։ Արդ, ազգովի, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, միաբան և համախումբ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության։ Եվ ինչպես որ մենք ենք ոգեշնչվում մեր հերոս նախնիներով և առանձնակի հպարտությամբ արտաբերում պատմահոր խոսքերը, այնպես էլ գալիք սերունդները պիտի հռչակեն, որ քաջերի սերունդներն են, զավակները՝ հերոսական ժողովրդի։
Մեր սրտաբուխ աղոթքն է, որ անկոտրում լինեն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հաղթանակի կամքն ու վճռականությունը, ամուր՝ թիկունքը, և զորավոր՝ ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան զինվորի։ Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը պահի, պահպանի ու ազատի մեր ժողովրդին չարի փորձություններից, երևելի և աներևույթ թշնամիներից և շնորհի խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին և համայն ազգիս հայոց, այսօր և հավիտյան. ամեն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
25 հոկտեմբերի, 2020թ.»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը