Ադրբեջանի զինված ուժերը վաղ առավոտից նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ։ Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որտեղ մեր զորքերին հաջողվել է կասեցնել մի քանի գրոհ և հակառակորդին հետ շպրտել ելման բնագծեր։ Այս մասին ասուլիսին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտերը շարունակվում են, ոչ այնքան ինտեսիվությամբ, որքան կեսօրին»։
«Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱԹՍ»,-ասաց նա:
«Ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։ Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»,-ասաց նա:
«Մտնելու են, փորձելու են, եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ այդ տեղանքներում, իրենց համար դժոխք է լինելու, ինչպես և լինում է։ Պատերազմի ժամանակ լինում են նահանջներ։ Նահանջը խուսավարման ձև է։ Նահանջ լինում է նաև միտումնավոր, հակահարձակման, հարձակման կամ ծուղակ գցելու նպատակով»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երբեմն զինծառայողները կարող են չհասկանալ վերադասի՝ նահանջ կատարելու որոշումը, նրանց կարող է թվալ դա ստորացուցիչ կամ ծանր քայլ, բայց եթե վերադասը հստակ օպերացիայի պլան ունի, պետք է նաև նահանջել առավել լավ հարձակում կազմակերպելու, հակառակորդին ծուղակը գցելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը