12 08 2020

Էդուարդ Մարտիրոսյանը՝ ատոմակայանի գործադիր տնօրեն

Էդուարդ Մարտիրոսյանը՝ ատոմակայանի գործադիր տնօրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:
ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը։

 

Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:

Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ