Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ողջունել է վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը, նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունը կբերեն այս գործընթացին:
Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները:
Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։ «Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։
Ինչ վերաբերում է «նախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ» քննարկումներին, Հանրապետության նախագահի խոսքով՝ սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել շատ լավ, կարող են նաև լինել շատ վատ: «Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական...Սա ճանապարհից շեղման քննարկում է,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Աշխարհի լավագույնը եթե վերցնես և կիրառես ուղիղ ու անփոփոխ, չի ստացվի: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»։
Այս համատեքստում Հանրապետության նախագահը չափազանց կարևոր է համարել հանրային քննարկումները և հասարակության՝ հնարավորինս լայն մասնակցությունը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինի,- ասել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունների հանրային ուղեցույցի անհրաժեշտությունը, որը պետք է լինի հանրությանը մատչելի ու հասկանալի փաստաթուղթ, որից հետո, հաշվի առնելով նաև հասարակության կարծիքը, այն ստանա իրավական փաստաթղթի տեսք: -Ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, և նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձևակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձևը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ»։
Անդրադառնալով հանձնաժողովի անդամներից մեկի տեսակետին, որը վերաբերել է Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից և ուղիղ մեջտեղում։
Կա ուղիղ ժողովրդավարություն, որի միջոցով ամեն մարդ իր կարծիքն այսօր հայտնում է, և այդ ձայնը լսելի է։ Այդպիսով՝ քաղաքական գործիչն իր ընտրողների առջև հաշվետու է ոչ թե տարին կամ հինգ տարին մեկ անգամ, այլ՝ այսօր, այս պահին, ամեն օր։
Կա նաև ուղիղ ժողովրդավարության մեկ ուրիշ գործիք՝ հանրաքվեն։ Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը։ Այսօրվա պայմաններում հանրաքվեները կարող են լինել շատ գործուն գործիքներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել այն կիրառելուց, հակառակը՝ պետք է դրանից օգտվել»։
Խոսելով երկրի Հիմնական օրենքի մասին՝ նախագահն ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն: «Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։
Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին, նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:
Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: «Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը