Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, և մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները: Ավելի է խստացվում վարակի օջախ հանդիսացող՝ փակ տարածություններում, հանրային օբյեկտներում և մարդաշատ այլ վայրերում շնչադիմակ կրելու, ախտահանիչ նյութեր օգտագործելու պահանջն ու վերահսկողությունը:
Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին և պահանջել հետամուտ լինել դրանց կատարմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը