Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:
Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը