ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը:
Կենսագրություն
Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
2003 թվականից առ այսօր դասավանդում է Երեւանի Պետական Համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաեւ ՀՀ Արդարադատության Ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական եւ հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից եւ հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ:
DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):
Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում եւ արտերկրում: Դրանց թվում են նաեւ երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) եւ «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը:
Խմբագրել է նաեւ ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ եւ պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի եւ Գ. Չ. Սպիվակի էսսեներ:
Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ գերմաներենին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը