16 04 2020

Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է Վրաստանի նախագահի հետ

Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է Վրաստանի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին»:

Զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը:

«Հայաստանի ու Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով անպայման կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ