02 04 2020

Լիարժեք կգործի Արցախի Սահմանադրությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Լիարժեք կգործի Արցախի Սահմանադրությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձէ հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է;.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է եւ պատասխանատու:

Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու: Արցախը եւ արցախցիները եւս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ եւ անկախ հայրենիք կառուցելու եւ զարգացնելու իրենց հաստատակամությունը:

Շնորհավորում եւ արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձեւավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

Շնորհավորում եմ նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք թեեւ չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը եւ համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում:

Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մաիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձեւավորի առողջ քաղաքական եւ աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին:

Շնորհավորում եմ նաեւ նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին: Համոզված եմ, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը եւ կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու եւ կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձեւավորվող Ազգային ժողովը եւ կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին:

Ներկայիս բարդ եւ մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական եւ հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն եւ խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին եւ ամբողջ հայությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ