22 11 2019

Ryanair, Ղարաբաղ և Սիրիա․ ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իտալիայի վարչապետները

Ryanair, Ղարաբաղ և Սիրիա․ ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իտալիայի վարչապետները

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, Պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի է ունեցել ստուգայց, երկու երկրների վարչապետները փոխադարձաբար ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները։

Առանձնազրույցին հաջորդած լայն կազմով բանակցություններին Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի։ Իտալիայի վարչապետն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական օրակարգին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում Իտալիան պատրաստ է հնարավորինս սերտ համագործակցել Հայաստանի հետ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության և Իտալիայի արդեն իսկ շոշափելի մասնակցության համար հատկապես Հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հարցում՝ Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն կերպ նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում Իտալիայի դիրքորոշման կապակցությամբ՝ ներկայացնելով Հայաստանում բարելավվող միգրացիոն պատկերը։

Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն գոհունակություն են հայտնել նաև հայ-իտալական մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ, արձանագրել երկու երկրների համալսարանների միջև փոխանակման ծրագրերի արդյունավետությունը։ Մշակութային կապերի սերտացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հնագիտության ոլորտում Իտալիայի հետ հարուստ փորձի փոխանակումը։

Հայաստանի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները ծավալուն քննարկում են ունեցել միջազգային անվտանգության արդի հարցերի, Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այնտեղ իրականացվող մարդասիրական առաքելությունը։ Կողմերը համադրել են իրենց դիրքորոշումները Սիրիայում կայունության վերականգնման հարցում։ Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել ԵՄ-Իրան, Հայաստան-Իրան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Երկու երկրների վարչապետները կարևորվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում համագործակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ամփոփելով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ բանակցությունների արդյունքները։

Վարչապետն ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը. «Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը, համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին»:

Նշեմ, որ այս տարի այս առևտրատնտեսական համագործակցությունում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահին Իտալիան մեր երկրորդ առեւտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավվման համար: 

Գործընկերոջս տեղեկացրի Իտալիայի ֆինանսատնտեսական եւ արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը եւ վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամանակում հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացնել Երեւանում։

«Կարեւորեցինք 2020 թվականի հունվարից Ryanair ավիաընկերության կողմից Հռոմ-Երեւան, Միլան-Երեւան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության եւ գործարար կապերի ակտիվացմանը: Ընդգծեցինք նաեւ միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում»:

Փաշինյանը հայտնեց, որ անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին. «Վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Կողմերն անդրադարձել են նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը:

Փաշինյանը նշեց, որ մտքեր են փոխանակել նաեւ սիրիական ճգնաժամի շուրջ. «Մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ