19 11 2019

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կմեկնեն Իտալիա

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կմեկնեն Իտալիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ:

Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան:

Վարչապետի գլխվորած պատվիրակությունը շուրջ 30 հոգի է ներառում։ Ցանկը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ