15 11 2019

Ղազախստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Ղազախստանով և Հայաստանով: Հայերը միշտ եղել են այդ ճանապարհին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ղազախստանի ղեկավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայերը Ղազախստանում իրենց զգում են ինչպես տանը, ինչը հաստատվել է նաև նրանց հետ իր հանդիպումների ժամանակ:

Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ հաջորդ տարի նախատեսվում է նրա պաշտոնական այցը Հայաստան: «Վստահ եմ, որ այն նոր, ավելի նշանակալից փուլ կբացի մեր երկրների հարաբերություններում,-ասել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը: - Այս տարի նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք և պատմականորեն կապված ենք եղել այդ ամբողջ ընթացքում»:

Դարիգա Նազարբաևան նույնպես ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերը՝ նշելով, որ նրանք ակտիվ գործարարներ են, աշխատում են մշակույթի ոլորտում, պետական կառույցներում, իսկ խորհրդարանն ունի հայկական սփյուռքը ներկայացնող պատգամավոր:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը նաև միջխորհրդարանական մակարդակով: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն իր հերթին նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության հեռանկարները մեծ են և դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Կարևորելով տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ առկա ցուցանիշները զիջում են իրական ներուժին: Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա նշել է տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, մշակույթի, գիտության ոլորտները, կարևորել երիտասարդների փոխանակման ծրագրերն ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և նշել, որ այդ շրջանակում կան համագործակցության մեծ հնարավորություններ: Հանրապետության նախագահը, անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա նշել է, որ ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև ղազախական ընկերությունների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ