01 11 2019

Արման Սարգսյանը ներկայացրել է ստորաբաժանումների նորանշանակ պետերին



Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրել է ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։

Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, ով անցել է երկարամյա ծառայության թոշակի։Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորելով իրավաբանական վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում` հույս է հայտնել, որ Մանուկ Մուրադյանը իր տեսական գիտելիքներով նոր լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին։

Արկադի Մարգարյանը շնորհակալություն հայտնելով իրավաբանական վարչության անձնակազմին միասնական աշխատանքի համար՝ նշել է, որ պատրաստ է իր գիտելիքներով աջակցել վարչության աշխատանքին։Իրավաբանական վարչության նորանշանակ պետը հավաստիացրել է, որ ստորաբաժանումը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները՝ ապահովելով ոստիկանության իրավական պաշտպանվածությունը։

Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրել է ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին։Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ բարեխիղճ ծառայության համար։

Նա նշել է, որ Սևան Քոչարյանը ոստիկանության համակարգում ունի երկար տարիների փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և համակարգի պրոֆեսիոնալներից է։Անձնակազմին ներկայացվել են նաև ոստիկանության Կոտայքի և Չարենցավանի բաժինների նորանշանակ պետերը։Արման Սարգսյանը խոսելով մարզային վարչության ծառայության մասին՝ կարևորել է ինչպես ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը, քանի որ միայն այդ կարևոր կապի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ։

Խոսվել է մարզային վարչության ենթակա տարածքային բաժինների ծառայության, անձնակազմի կարգապահության, պատրաստվածության ու ծանրաբեռնվածության խնդիրների մասին։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ Սևան Քոչարյանը վստահեցրել է, որ իր ղեկավարությամբ վարչության անձնակազմը անկաշկանդ ու վճռական կծառայի օրենքին ու ժողովրդին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Արման Սարգսյանը ներկայացնելով ստորաբաժանման նորանշանակ ղեկավարին, նշել է, որ Դավիթ Սարգսյանը քննչական ու ոստիկանության համակարգերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ հասնելով մինչև մարզային վարչության պետի պաշտոնին։Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խաչատրյանին իրականացրած այն աշխատանքի համար, որն ուղղված է եղել պետական պահպանության գլխավոր վարչության արդիականացմանն ու կատարելագործմանը։Արման Սարգսյանը խոսել է գլխավոր վարչության ծառայության առանձնահատկությունների, ծառայողների կարգապահության, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական ունակությունների մասին։ Խիստ ցուցում է տրվել դրանց կատարելագործման ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի ոստիկանությունն ունենա պրոֆեսիոնալ պետական պահպանության գլխավոր վարչություն։

Քննարկվեցին նաև մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացների, կադրային քաղաքականության, ծառայողական, աշխատանքային խնդիրներ ու ստորաբաժանման ծառայության վերաբերյալ այլ հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ