Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։ Ուղերձում նշվում է․
«Հանուն Արցախի համազգային շարժման մասնակիցների եւ անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախության 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Այո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն:
1918 թվականին հռչակեցինք մեր դարերով երազանք դարձած Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1991 թվականին, ԽՍՀՄ կազմից դուրս գալով, վերահաստատեցինք մեր ինքնիշխանությունը: Ցանկացած ժողովրդի համար ինքնորոշման ու անկախության առկայությունն ազատ եւ արժանապատիվ զարգացման գլխավոր երաշխիքն է:
Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը: Դարեր առաջ, կորցնելով պետականությունը, հայ ժողովուրդը ենթարկվեց բազում փորձությունների, զրկանքների, բայց միշտ պայքարեց թշնամիների դեմ՝ հանուն իր նպատակների, որի արդյունքում ծնվեց հայրենասեր այն հայ զինվորը, ով անվախ ու հաստատակամ է, ով նվիրեց մեզ այս բերկրանքը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը եւ մաղթում բոլոր հայ ընտանիքներին խաղաղություն ու բարօրություն, ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը