12 09 2019

Նորք-Մարաշը նոր թաղապետ ունի

Նորք-Մարաշը նոր թաղապետ ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետև միայն այդպես կարող ես ստեղծել նորը: Այսօր վարչական շրջանում կան դեռևս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ, կկարողանանք միասին իրագործել»:

Քաղաքապետը  հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:«Համայնքային աշխատանքը ամենածանր և դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաև մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ