09 07 2019

ՀՀ-ում Իսրայելի դեսպանը հավատարմագրեր է հանձնել Արմեն Սարգսյանին

ՀՀ-ում Իսրայելի դեսպանը հավատարմագրեր է հանձնել Արմեն Սարգսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:

Դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար:

Անդրադարձ է կատարվել հայ-իսրայելական կապերի զարգացմանը մասնավորապես նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանն ասել է, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի սակավ բնական ռեսուրսներ, և երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարության ու բարձր տեխնոլոգիաների հանգույց է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, ուստի երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ