Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԲԴԽ հաղորդագրության մեջ ասված է.
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։
Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը