Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։
«Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»,- գրել է նա։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաև Զաարլանդի համալսարան:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը