11 03 2019

Հայաստանը վստահելի գործընկեր է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Երևանում է

Հայաստանը վստահելի գործընկեր է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Երևանում է

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը ժամանել է Երևան, հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում:

Ջեյմս Ապաթուրայն իր հերթին նշել է, որ Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է:

Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:  

ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ համատեղ աշխատանքը շարունակելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության կողմից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ նման գործողությունները նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես միջազգային անվտանգության ապահովման կարևոր մասնակցի:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

Ջեյմս Ապատուրայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ