28 01 2019

Բանակը մեր ժողովրդի հպարտությունն է․ Բակո Սահակյան

Բանակը մեր ժողովրդի հպարտությունն է․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևոր գրավականներից մեկը:

Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները:

Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին և Հայոց բանակին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ