27 11 2018

ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ-ից կանցնի Հայաստանին

ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ-ից կանցնի Հայաստանին

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ:

Այնուհետև կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ