13 11 2018

Նոր դեսպաններ ունենք

Նոր դեսպաններ ունենք

ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:

Դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա),-ասված է նախագահի հրամանագրի մեջ: 

Ներկայացնում ենք Սամվել Մկրտչյանի կենսագրական տվյալները. 

Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել է 2016թ. մարտին։ Մինչ այդ նա 2010թ. դեկտեմբերից պաշտոնավարում էր որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության տնօրեն։2004-2010թթ. նա եղել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավար, դեսպան:

Առաքելությունը՝ որպես ինքնուրույն դիվանագիտական միավոր, հիմնվել է Ս. Մկրտչյանի պաշտոնավարմամբ։Մինչ այդ նշանակումը դեսպան Մկրտչյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրենն էր: Նա պատասխանատու էր բոլոր եվրոպական երկրների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային առնչությունների քաղաքականության մշակման և իրականացման համար: Նա նաև պատասխանատու էր Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար:1994-2000թթ. նա պաշտոնավարել է որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխղեկավար, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ: 1997-98թթ. նա նաև իրականացնում էր Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ Ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները:1996-99թթ. Մկրտչյանը Հայաստանի կողմից բանակցել է Հարմարեցված ԵՍԶՈՒ պայմանագիրը:

1995-97թթ. նա` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական բանակցային խմբի անդամ է եղել:Մկրտչյանն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1991թ. որպես Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Սկանդինավյան և Բալթյան երկրների պատասխանատու: Կարճատև, մինչ Վիեննա գործուղման մեկնելը, նա ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչությունում վարում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները:Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը Մկրտչյանն աշխատել է Պետական պատմական արխիվում, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի մի շարք միջազգային խորհրդաժողովների և հանդիպումների, այդ թվում և ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսաբոնի և Ստամբուլի գագաթաժողովներին:Սամվել Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը 1981թ. և շարունակել կրթությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում 1981-84թթ.: Նա մասնակցել է նաև Լիդսի համալսարանի դիվանագիտական կուրսերին 1993թ.:Բացի մայրենի հայերենից, դեսպան Մկրտչյանը սահուն տիրապետում է անգլերենին և ռուսերենին:Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959թ. մայիսին:Նա ամուսնացած է և ունի երկու երեխա:

Վահագն Աթաբեկյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ