ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ շրջանակում ավիավթարների և լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը։ Այս մասին հաղորդվում է կառավարության կայքում։
Այժմ նախկին ԽՍՀՄ 11 երկրի տարածքում ավիաաղետների հետաքննությամբ զբաղվում է Միջպետական ավիացիոն կոմիտեն։
Բյուրոյի հիմնական գործառույթները կլինեն ավիացիոն պատահարների և միջադեպերի անկախ հետաքննության ապահովումը՝ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության փաստաթղթերի պահանջներին համապատասխան, կողմերի միջազգային համագործակցությունը, միջադեպերի հետաքննության համար ընդհանուր կանոնների և գործընթացների մշակումն ու կիրառումը և այլն:
«ՌԴ տրանսպորտի նախարարությանը կարգադրել բանակցություններ վարել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից ստորագրել տվյալ համաձայնագիրը՝ թույլատրելով նախագծում սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ կատարել»,- ասվում է կարգադրության տեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը