29 09 2018

Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ում նախարարական հանդիպմանը



Ատելությանը, անհանդուրժողականությանը և այլատյացությանը հակազդելը հանդիսացել է Եվրոպայի խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահանության հիմնական առաջնահերթություններից մեկը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարեկամների խմբի նախարարական հանդիպմանը իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Բարձր ներկայացուցիչ,

Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Միանում եմ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար: Բարի ավանդույթ է դարձել օգտագործել Գլխավոր ասամբլեան՝ ամփոփելու Քաղաքակրթությունների դաշինքի կողմից հռչակված նպատակների առաջմղմանը միտված գործունեությունը. նպատակների, որոնք ուղղված են սոցիալապես ներառական հասարակությամբ, ժողովուրդների միջեւ հարգանքով՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, եւ հանդուրժողականությամբ խաղաղ մոլորակ ունենալուն:

Այս տարվա ապրիլին հայ ժողովուրդը միավորվել էր ոչ բռնի ժողովրդական շարժման շուրջ՝ պահանջելով ժողովրդավարական կառավարում և մերժելով արդարադատության և օրենքի գերակայության խաթարման բացասական երեւույթները: Հայաստանում քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթն ի ցույց դրեց մեր հասարակական և քաղաքական կյանքի և իրավագիտակցության մակարդակի հասունությունը: Չնայած հայկական թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին և տեղական բնույթ ուներ, նոր կառավարությունն իր գործունեության հենց առաջին օրվանից հայտարարեց իր հավատարմությունը նույն խաղաղ և ոչ բռնի մոտեցումներին ոչ միայն ներքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ արտաքին հարաբերություններում:

Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է խաղաղության մշակույթի առաջմղմանը հակամարտություններով լի մեր տարածաշրջանում: Կամուրջներ կառուցելը հեշտ է, երբ կա երկկողմ կամք. մեծագույն մարտահրավեր է կամուրջներ կառուցելն այնտեղ, որտեղ առկա է վստահության եւ փոխադարձության պակաս: Խաղաղության նկատմամբ իրական հավատարմության մասին կարող է վկայել կամուրջներ կառուցելու հանձնառությունը՝ հանուն հակամարտությունների պատճառով բաժանված ժողովուրդների միջև վստահության վերականգնման՝ այդ կերպ նպաստելով դրանց կարգավորմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Խաղաղության մշակույթի վերաբերյալ հռչակագրում և գործողությունների ծրագրում արտացոլված գաղափարները, սկզբունքերը և նպատակները, ինչպես նաեւ Հայաստանի կողմից համահեղինակված ՄԱԿ ԳԱ 72/137 բանաձևը, հիմնարար նշանակություն ունեն բռնությամբ ուղեկցվող հակամարտությունների սկզբնաղբյուրներին անդրադառնալու հարցում: Այս համատեքստում Հայաստանն իր ակտիվ ներդումն է բերել միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ինքնությամբ պայմանավորված խտրականության եւ բռնության կանխմանը: Ատելությանը, անհանդուրժողականությանը և այլատյացությանը հակազդելը հանդիսացել է Եվրոպայի խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահանության հիմնական առաջնահերթություններից մեկը: Անցյալ տարի Հայաստանը, համագործակցելով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետ, Երեւանում հյուրընկալեց միջազգային համաժողով քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության հողի վրա հանցագործությունների կանխման թեմայով:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանը կհյուրընկալի Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը կենտրոնացած կլինի փափուկ ուժի վրա. կրթության և լրատվամիջոցների դերը ատելության, անհանդուրժողականության և այլատյացության վերացման գործում: Ֆորումին կմասնակցեն ոլորտի աշխարհահռչակ գիտնականներ եւ փորձագետներ:

Հարգելի գործընկերներ,

Մեր հասարակությունները կամրջելու հիմնական նախապայմաններից է կրթությունը: Որակյալ եւ նորարարական կրթությունը որոշիչ գործոն է նաեւ ակտիվ եւ ստեղծարար երիտասարդության համար: Հայաստանում United World Colleges մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցն այս առումով վառ օրինակ է: Դպրոցն իր հարկի տակ է առել աշակերտներ ամբողջ աշխարհից եւ տրամադրում է դրամաշնորհներ, այդ թվում եւ փախստականներին, ովքեր ճանաչում են մեկմեկու հարգանքի եւ հանդուրժողականության միջոցով, սովորելով ընդունել բազմազանությունը՝ սկսած դպրոցական տարիներից:

Նորարարական կրթության միջոցով կամուրջներ կառուցելու պատկերավոր օրինակ է Հայաստանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ Լոռու շրջանի Սմարթ կենտրոնը գյուղաբնակ երիտասարդության համար: Այն մասնաճյուղեր ունի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ այլ քաղաքներում, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեն սովորել եւ ինքնադրսեւորվել: ԹՈՒՄՈ-ն ընդլայնել է իր ցանցը նաեւ դեպի Ֆրանսիա, Լիբանան եւ Ալբանիա՝ միավորելավ տարբեր երկրների երիտասարդությանը նորարարական եւ ստեղծագործ գաղափարների շուրջ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատիվ ունի հաջորդ ամիս Երեւանում հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը եւ առաջարկել է «Vivre Ensemble» կարգախոսը - «Ապրել միասին համերաշխությամբ, կիսելով համամարդկային արժեքները եւ հարգանքը բազմազանության նկատմամբ»: Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը նպատակ ունի ամրագրել հավաքական հանձնառությունը ամրապնդել համերաշխությունը, համագործակցությունը եւ միջմշակութային երկխոսությունը՝ նպաստելու մեր հասարակությունների համախմբվածությանը հանուն խաղաղության, բարեկեցության եւ կայունության:

Շնորհակալություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ