21 05 2018

Մարզպետների կազմն ամբողջովին կփոխվի. Նիկոլ Փաշինյան

Մարզպետների կազմն ամբողջովին կփոխվի. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 21-ին նախագահական նստավայրում կայացավ Կառավարության նոր անդամների երդմնակալության արարողությանը: Երդմնակալության արարողությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և Կառավարության երկարաժամկետ ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ  դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք: Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո, արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»:

Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ նա ասաց, որ և՛ ծառայությունը, և՛ մյուս մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասվել է: 

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, որ ես պետք  է ինչ-որ օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե բացահայտումները վերաբերեն իր գործընկերներին, ապա դա անաչառության վրա կազդի, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Եթե նույ նիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»:

Անդրադառնալով ԱՎԾ պետի վերանշանակման վերաբերյալ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Նրանց մեղադրում էին թվեր նկարելու մեջ, մենք սրանով, ըստ էության, հակակշիռ ստեղծեցինք. ոչ թե մեր մարդկանց նշանակեցինք ազգային վիճակագրական ծառայության ղեկավար կազմում, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել Կառավարության և վիճակագրության միջև, որպեսզի որևէ մեկը որևէ մեկի համար թիվ նկարելու պարտավորությամբ կաշկանդված չլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով մարզպետների նշանակման հարցին՝ վարչապետն ասաց.

«Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»: 

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԿԸՀ-ի անդամների, նախագահի մասին, նկատեց, որ ԿԸՀ-ն անկախ մարմին է, բայց սիմվոլիկայի առումով կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ պետք է անել արագ, բայց ոչ ափալ-թափալ:

 Վարչապետը նշեց, որ ըմբռնումով է մոտենում, որ նախկին նախագահները չեն շնորհավորել իրեն: Հարցին, թե չի կարծում՝ նեղացած են, վարչապետը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ