Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը