07 12 2020

Հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը․ ԵՊԲՀ

Հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը․ ԵՊԲՀ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողները, ուսանողները հայտարարություն են տարածել  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

«Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ Կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (այսուհետ՝ Բժշկական համալսարան) Գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը:

Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն ԲՈՒՀ-երի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։

Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:

Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը:

Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով:

Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ. «...աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»:

Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով:
Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական:

Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:

Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։

Եզրահանգելով, կոչ ենք անում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ