Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Բուհերը նույնպես կբացեն դռները
Հարգելի ուսանողներ եւ դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում:
Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի եւ դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:
Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաեւ արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում եւ դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը