06 07 2020

ԱԺ ամբիոնը օգտագործվում է խայտառակ հայտարարություններ անելու համար․ Հայկ Դեմոյան

ԱԺ ամբիոնը օգտագործվում է խայտառակ հայտարարություններ անելու համար․ Հայկ Դեմոյան

2018-ի հայտնի իրադարձություններից հետո առաջին որոշումներից մեկը հեղափոխության ցուցադրություն կազմակերպելն էր, որը հնարավոր չեղավ։ Դրանից հետո տեղի ուենցավ քննարկում «Հայոց պատմության» և «Հայոց լեզուն» հանելու հարցը ԲՈՒՀ-երից, այնուհետև՝ բոլորովին վերջերս, իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարություն է անում և նախարարին կոչ անում, որ ուշադիր լինեն, քանի որ հեռակա ուսուցման ժամանակ որոշ դասախոսներ քննադատում են ներկա իշխանություններին։ Եթե նման խայտառակ հայտարարություններին արձագանք չի լինում՝ հատկապես նախարարի կողմից, ապա մենք խոսում ենք կատարյալ դեգրադացիայի մասին։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, այսօր ԱԺ ամբիոնը օգտագործվում է խայտառակ հայտարարություններ անելու համար։

«Ես հարց եմ տալիս, եթե բարձր ԱԺ բարձր ամբիոնից ակադեմիական ազատությունը բացառելու ոչ թե սահմանափակելու հայտարարություն է անում քաղաքական թիմի ներկայացուցիչը և դա անհետևանք է մնում, ինձ համար դա վերջին կարմիր լույսն է, որ վառվել է։ Եթե դուք զրկում եք դասախոսին, ուսանողին ազատ արտահայտվելու ընդունված տեսակետի համար և եթե այդ ընդդիմախոսները չլինեն, ամեն ինչ փուլ է գալու»,- ասաց Դեմոյանը։

Անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դպրոցներից հանվելու քննարկումներին, պատմական գիտությունների դոկտորն ասաց․ «Ի՞նչ է նշանակում առարկան հանելը։ Մեր երկիրն աշխարհիկ երկիր է, որը նշանակում է՝ թե՛ կրթությունը և թե՛ օրենքները աշխարհիկ են, հիմա պետք է սկզբունքորեն հասկանանք՝ որն է եկեղեցու դերը և եկեղեցու նշանակությունը մեր հասարակական կյանքում։ Եթե մենք ունենք «Հայոց պատմություն» առարկան, որն անսասան է, մենք կարող ենք շատ հանգիստ այդ առարկան «Հայոց պատմության» մեջ ներառել՝ չժխտելով, չնսեմացնելով եկեղեցու դերն ու  նշանակությունը, քանի որ եկեղեցին կարևոր հանգրվաններից է։ Այստեղ իշխանությունների մոտեցումն է սխալ, պետք է չօգտագործեն հանել բառը»։

Դպրոցական ծրագրում սեռական կրթության վերաբերյալ դասընթաց ներառելու վերաբերյալ էլ Դեմոյանը նկատեց, որ իշխանությունները նման որոշումներ կայացնելիս հետևանքները չեն հասկանում․ «Նրանք փորձում են լուրջ, հեղափոխական, բեկումնային փոփոխություններ կատարել, սակայն չեն հասկանում, որ հասարակության մեծ մասը չի տառապում ազատամտությամբ։ Պետք էր հաշվարկել ավելի շատ օգուտ է տալու, թե՝ վնաս, այս հասարակության պայմաներում նման բան դպրոցներում դասավանդելով, դա խզում է բերելու ընտանքում հետևանքը սա է։ Սակայն թիմը, որն այսօր կառավարում է և պատասխանատու է Հայաստանի կառավարման և անվտանգության համար, շատ թերի ինտելեկտուալ կարողությունների տեր է  և այս դեպքում եթե գրագետ հիմնավորվեր և որոշումը կայացվեր լուրջ քննարկումների արդյունքում այստեղ խնդիր չէր լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ