ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսակայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը: Այն նախատեսում է օժանդակել բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ավարտական կուրսի ուսանողներին, որոնց ՄՈԳ-ը կազմում է 90 և ավել տոկոս: Ծրագիրն այս տեսքով կտարածվի ընդամենը 3500 ուսանողի վրա: Մնացած բոլոր ուսանողներին Կառավարությունն առաջարկում է տարբեր տոկոսային կետերով սուբսիդավորել նրանց ուսանողական վարկերը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ սա խիստ հատվածական լուծում է: Արտակարգ դրության և մի շարք սահմանափակումների պատճառով ուսանողները զրկված են ակնկալվող եկամտի աղբյուրից: Խնդիրը սոցիալական բնույթի է, և ուսանողի բարձր առաջադիմությունը, որը տվյալ պարագայում առաջնային պլան է մղվել, արդարացված չէ:
Սրան հավելյալ՝ 90 և ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներն արդեն իսկ սովորում են անվճար հիմունքներով, կամ բարձր առաջադիմության հիմքով հովանավորվում են տարբեր կրթական հինադրամների կողմից:
Բացի այդ, հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներն առհասարակ դուրս են մնացել միջոցառումից:
Հաշվի առնելով այս առնչությամբ ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները և Կառավարության միջոցառման հատվածականությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև 3 ամսով:
Կարծում ենք սա արդար մոտեցում կլինի ուսանողների հանդեպ՝ սոցիալական խնդիրների հաղթահարման առումով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը