Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից ։
Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում ևս առկա են առցանց ռեսուրսներ և գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը, որի միջոցով մեր սփյուռքահայ հայրենակիցների երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվում՝ օտար լեզվով։
Վերոնշյալ էջում տեղադրված է նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվում են նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաև Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը