24 12 2019

Մեկնարկել են 12-րդ դասարանի ավարտական քննությունները

Մեկնարկել են 12-րդ դասարանի ավարտական քննությունները

Հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում դեկտեմբերի 24-ին մեկնարկել են պետական ավարտական քննությունները, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 3844 12-րդ դասարանցի:

Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի 6287 աշակերտ: Իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը` թվով 381 դպրոցում, որին կմասնակցի 8886 աշակերտ::

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: 12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին:

Քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած շտեմարաններից և ուսումնական հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քննական գնահատակաները դրվում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվի բանավոր քննություն ռուսերենից (Ռուսաց լեզու, ռուս գրականություն): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

Քննաշրջանի ընթացքում սովորողները ստուգարք են հանձնելու նաև «Ֆիզկուլտուրա» առարկայից:

Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ