21 07 2023

«Կարճ ասած»․ Հիմքում կրթությունը չէ, խաբելն է, պոպուլիզմն է․ ինչո՞ւ են բուհերը կիսադատարկ



Օրերս հրապարակվեցին ընդունելության քննությունների արդյունքները, և փաստվեց, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանացողների թիվը այս տարի ևս պակասել է։ Անկումը տարեց-տարի է։ Պետպատվերով տեղերն անգամ չեն լրացվում։ Սա մի պարագայում, երբ Հայաստանի իշխանությունը մի քանի տարի շարունակ խոսում է գիտելիքահեն տնտեսությունից։ Սա ռազմավարական խնդիր է։
Թիվ 1 պատճառը ծանր ժողովրդագրական վիճակն է։ Հայաստանի կառավարության ղեկավարը խոստացել է 6 մլնանոց բնակչությամբ երկիր, այնինչ այօր Հայաստանից հայերը փախչում են, մեծ թափով լքում են երկիրը։ Շատերն արտագնա աշխատանքից չեն վերադառնում, տարին տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ դառում են Ռուսաստանի քաղաքացի, հարյուր հազարավորները լրացնում են գրին քարտ, իսկ որը ունի հնարավորություն՝ տարբեր օրինական ու զարտուղի ճանապարհով արտագաղթում է ԱՄՆ, Եվրոպա և այլն։ Ամեն տարի մի քանի հազար աշակերտի ծնողը հանում է երկրից, արտագաղթում։ Սա անվտանգային պրոբլեմ է։
Մյուս պատճառը սոցիալական վիճակն է։ Որքան էլ տնտեսական աճ նկարվի, երկնիշ-եռանիշ, սոցիալական բևեռացվածությունը, աղքատությունը խորանում է, ու բարձրագույն կրթություն ստանալը շատերի համար դառնում է անհնար։ Ծնողներից շատերը ոչ թե մտածում են երեխային տալ բուհ, որ դառնա լավ մասնագետ, ունենա լավ աշխատանք ու իր ապագան դասավորի, դուրս գա աղքատություննից, այլ էս պահին ունենալով ապրելու խնդիր՝ համալսարանի փոխարեն երեխային ուղարկում են աշխատելու։ Բոլորին հասանելի կրթություն է խոստացվել։ Բայց արդյո՞ք վարձավճարների չափը հասանելի է։ Ուսանողների մի մասը մարզերից են, որոնք պետք է ոչ միայն կրթության, այլև բնակության հարց լուծեն։ Ահռելի գնաճի, այդ թվում՝ բնակարանի վարձի ահռելի բարձրաման արդյունքում շատերի համար Երևան գալ ու կրթություն ստանալը դարձել է անհնար։ Քաղաքացին չի կարողանում իրացնել բարձրագույն կրություն ստանալու իր սահմանադրական իրավունքը։ Մեր երկրում հարուստի, պաշտոնյայի երեխան կարող է ստանալ լավ կրթություն, գիտելիք, այն վերածել պաշտոնի ու փողի, իսկ աղքատի երեխան շարունակել մնալ աղքատության մեջ։
Ուսանողի ու ապագա ուսանողի համար մեջք կոտրող հանգամանք է իշխանության ներկայացուցիչների անձնական օրինակը, որը անարդարության զգացում է առաջացնում։ Դու կարող ես լավ կրթություն ստանալ, դառնալ փայլուն մասնագետ, բայց տեսնում ես, որ հիմնարկները լցվում են պաշտոնյաների ազգուտակով։ Ուղղակի տրցակներով օրինակներ կան այն մասին, թե ինչպես են պետական հիմնարկները կուսակցականացվում, ՔՊ-ացվում կամ դառնում ազգուտակի աշխատանիք վայր։ Որքան էլ լավ մասնագետ լինես, առավել հնարավորություն են ստանում այն անձինք, որոնք այսինչի բարեկամներն են, ընդ որում՝ ոչ միայն կրթված։ Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք հասել են այդ բարձր պաշտոնին՝ չունենալով բարձրագույն կրթություն, կան թաղապետեր, համայնքապետեր, որոնք չունեն բարձրագույն կրթություն, մեր երկրում օրենքներ են հանում, որոնցով տարբեր պաշտոնների նշանակման մեջ բարձրագույն կրթության պարտադիր պահանջը հանում են։ Սրանով կառավարությունն ինքը անկարևոր է համարում բարձրագույն կրթությունը։ Մասնագիտական արժանիք ու կարողությունները զրոյական դեր ունեն, երբ իշխանությունը որոշում է մարզպետ դարձնել կոկորդիլոսը թռչունից, հեկտարը կիլոմետրից չտարբերողին։ Նա կդառնա մարզպետ, հետո պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար, հետո քաղաքապետ ու էդ սաղ երեք տարում, իսկ քեզ կասեն շինարարության կտրուկ աճ ունենք, գնա ցեխ շաղախի ՔՊ-ականի թազա կառուցվող էլիտար բնակարանի վրա։
Երբ միջազգային հարաբերություն սովորողը տեսնում է, որ դեսպան կարող են նշանակվել մակունցները, որոնք ուղղակի անգլերեն գիտեն, իր մոտ արդեն դիսկոմֆորտ է առաջանում։ Գյուղատնտեսությունը սպանել են, դրա համար էլ ագրարային համալասրան դիմելիությունը 7 տոկոս է։ Պարտադիր չէ գյուղատնտես լինես ՋՕԸ-ի պետ լինելու համար, անգամ կրթություն պետք չէ, կարևորը՝ Նիկոլի հետ նկար ունենաս, ինչպես այն երիտասարդը, որ աջ ու ձախ բռնություն է գործադրում։ Բժիշկը տեսնում է, որ առողջապահության նախարարն իրավաբան է, իրավաբանը տեսնում է, որ ԲԴԽ նախագահը պատից կախված նկարի թելադրանքով է կողմնորոշվում, ոչ թե օրենքով ու խղճի մտոք։ Վաստակաշատ իրավաբանն ասում է ուսանողներ, այսօր կատարվում է այն, ինչ ես ձեզ չեմ սովորեցրել։ Մանկավարժական դիմելիությունը ցածր է, գուցե նրա համար, որ Նիկոլն ասում է դասախոս աշխատելու համար պետք չէ դիպլոմ, դասատու աշխատելու համար պետք չէ ստաժ։ Ասում են ուսուցիչը պետք է բարդ թեստավորումանցնի, որ աշխատավարձ բարձրացնենք, բայց կարող է կրթություն չունեցողը դառնալ պարեկ ու ստանալ բարձր աշխատավարձ։ Երբ վարչապետը ոգևորված հայտարարում է, որ դպրոցի տնօրենը գործից դուրս է եկել, որ դառնա պարեկ, դա հենց կրթության ողբալի վիճակի մասին է խոսում։ Դպրոցներում պահպանման գումարները պակասենում են, ոստիկաությանը՝ շատացնում։
Կրթության նկատմամբ էս հետաքրքրության պակասի պատճառ կարող է լինել նաև պետության ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը։ Մարդիկ ուղակի մեր երկրում կրթվելու, մնալ-ապրելու հեռանկարներ չեն տեսնում։ Մեկը բնակարան է գնում, Նիկոլն ասում է՝ ահա տեսեք, իշխանությանը վստահում է, թե չէ Հայաստանում չէր գնի, ամուսնանում են, ասում է՝ ուրեմն իշխանությանը վստահում են, երեխա են ունենում՝ ուրեմն մեր խոստացած ապագային վստահում են։ Այ էդպես լղոզում է։ Իսկ որ բուհերը կիսադատարկ են, դրա՞ն ինչ կասես։
Իհարկե՝ խնդիրները շատ են, որոնց թվում է, կարծում եմ, բուհերի ճակատագիրը․ ուսանողը կարող է ընդունվել օտար լեզուների ինստւտուտ, բայց ավարտել ֆիզիկական կուլտուրայի համալսարանը։ Որովհետև մեկ որոշում են բուհերը միացնեն, մեկ որոշում են տեղափոխեն, մեկ որոշում են, որ էդ շենքը ավելի լավ կաշխատի որպես հյուրանոց։
Ուսանողների պակասի պատճառներից մեկը կարող է լինել տարկետման բացակայությունը․ գնում են բանակ, հետ գալիս ու այլևս չեն սովորում, մանավանդ որ բանակում մոռանում են սովորածը և կորցնում սովորելու ձգտումը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում բանակից շատերը չեն էլ վերադառնում․․․ Կան, իհարկե, այլ պատճառներ ևս, թե ինչու է բուհը ճգնաժամային վիճակում։ Ու երբ բազային կրթությունը բարձր մակարդակի չէ, բարձրագույն կրթությունը բացակայում է, ինքնակրթության քիչ հնարավորություն կամ ցանկություն կա, ունենում ենք անտարբեր, իր իրավունքներին չտիրապետող, թույլ ու կառավարելի հասարակություն։ Ժողովուրդ ջան, ես բարձրագույն կրթություն չստացածների դեմ ոչինչ չունեմ, խոսքս մեր երկրում գիտելիքի գնահատման մասին է, կլինի դպրոցն ավարտած, տեխնիկում, համալսարան, թե որևէ տեղ կամ ոչ մի տեղ, Հայաստանի այսօրվա իշխանությունը չի գահատում իր քաղաքցուն։
Կարճ ասած՝ այս բոլոր խնդիրները մեկ պատճառ ունեն՝ կառավարման ճգնաժամ։ Մեր երկրում որոշումները կայացնում է մեկ մարդ, որը չունի բարձրագույն կրթություն, իսկ այն ունեցողները կատարում են նրա որոշումները՝ անգամ եթե համոզված են դրանց տափակության մեջ։ Հայաստանում միջակից ցածր իշխանություն է, որը ցույց տվեց, որ հիմքում գիտելքը չէ, կրթությունը չէ, պոպուլիզմն է, խաբելն է, ֆռացնելն է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ