ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ · առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
· երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
· երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
· եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ. · առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
· երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
· երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ) · առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
· երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
· երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:
Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ): Սահմանվել է նաև, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:
Տեղեկացնենք, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի: Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաև հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար հատկացվել է մոտ 13 մլն դրամ: Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը