31 10 2019

Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ կենտրոնում ավելի թանկարժեք լինի․ վարչապետը՝ նախարարին



Ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ կսահմանվի՝ 108 հազար դրամ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այսինքն՝ Երևանում և հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչները կստանան նույն աշխատավարձը, որին նախարարը դրական պատասխան տվեց՝ մասնավորապես նշելով․ «Նվազագույն մեկ դրույքի համար կլինի նույն աշխատավարձը։ Ապահովում ենք, որ նվազագույնը նույնը լինի»։

Վարչապետի այն հարցին, թե ինչի՞ հաշվին է ավելի բարձր լինում աշխատավարձի չափը, Հարությունյանը պատասխանեց, որ ըստ աշակերտների թվի։

«Կան դպրոցներ, որոնք 150-160 դրույք են սահմանում, այստեղ կա նաև տարածքի խնդիրը»,- նշեց նախարարը։ Արձագանքելով վարչապետը նկատեց, որ տարածքների առումով  Երևանի կենտրոնի դպրոցներն ավելի «պրեստիժնի» են։

«Բայց էս խնդրի վրա դեռ պետք է աշխատել, դա պետք է լուծել, որովհետև դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան ուրիշ որևէ տեղ»,- ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ